ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Թուրքիայում քուրդ առաջնորդը խուսափել է «ցեղասպանություն» եզրից

Թուրքիայում քուրդ առաջնորդը խուսափել է «ցեղասպանություն» եզրից
03.05.2015 | 13:06

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը CNNTurk հեռուստաալիքի եթերում խուսափել է օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրը, թեև ավելի վաղ նույն հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «կատարվածն առանց կասկածի ցեղասպանություն է»: Թուրքական «Հաբերլերի» տեղեկություններով՝ CNNTurk-ի հետ հարցազրույցում քուրդ առաջնորդը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային, չի օգտագործել «ցեղասպանություն» բառը, ինչը թուրքական լրատվամիջոցը բնորոշել է որպես «Դեմիրթաշի հետքայլ»:
Թուրք լրագրողի հարցին, թե ինչու են Հայոց ցեղասպանության հարցը դրել քրդական կուսակցության նախընտրական ծրագրում, Դեմիրթաշը պատասխանել է, որ «իրականում իրենց ծրագրում այս կամ այն դեպքի համար հստակ որակումներ չկան»: «Մենք առաջարկում ենք ստեղծել պատմության հետ առերեսման հատուկ հանձնաժողովներ ու խմբեր, որոնք պատմության տարբեր դեպքերի՝ ցեղասպանությունների, կոտորածների ազատ, անկախ ուսումնասիրություն կկատարեն: Մենք առաջարկում ենք նման հանձնաժողովներ ստեղծել և մեր ծրագրում չենք ընդգրկել «սա ցեղասպանություն է», «սա ցեղասպանություն չէ» որակումներ»,- ասել է Դեմիրթաշը: Հունվարին CNNTürk-ի եթերում Դեմիրթաշը հայտարարել էր, որ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Հաղորդման ընթացքում Դեմիրթաշը, պատասխանելով Ցեղասպանությանը վերաբերող հարցին, նշել էր, որ հարկավոր է ընդունել պատմական իրողությունը։ «Մենք անկասկած ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը։ Կատարվածում մեղքի իրենց չափաբաժինն ունեն նաև քրդերը։ Դա քաղաքական պատվեր էր, որն իրականացվեց «Միություն և առաջադիմություն» կուսակցության կողմից՝ Էնվեր փաշայի և Թալեաթ փաշայի գլխավորությամբ։ Եթե օսմանյան ողջ ժառանգության տերն ենք, սրան էլ տեր կանգնենք։ Այնպես որ՝ հարկավոր է առերեսվել այս ցավին»,- ասել էր Դեմիրթաշը։
Նախկինում ևս քրդական քաղաքական գործիչներից ոմանք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ ընդունելով ոճրագործության մեջ քրդերի դերը: Քրդական շրջանակները, սակայն, հաճախ նշում են, թե իրենք ոչ թե կազմակերպիչ են եղել, այլ կազմակերպիչների՝ օսմանյան ղեկավարների ձեռքին գործիք: Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կազմում կան նաև հայեր: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ներկայություն ունեցող կուսակցությունն իր ուշադրության կենտրոնում է պահում ազգային փոքրամասնությունների խնդիրները, որոնք էլ այս քաղաքական ուժի հիմնական ընտրողներն են:

Դիտվել է՝ 1275

Մեկնաբանություններ